Դպրոցի պատմությունը

Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում գտնվող Ենգիջա, այժմ Նորաբաց գյուղը հիմնադրվել է Նախիջևանից գաղթած մի քանի փախստական ընտանիքների միասնական ջանքերով: Լազր անունով մի մարդ 1931թ.-ին լքված մի խրճիթում բացեց դպրոց՝ տարրական ուսուցմամբ: Քառամյա դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակում էին Նորագավիթում:

1956թ.-ին տնօրեն Աղաբաբյանի շնորհիվ դպրոցը դարձել է ութնամյա:

1970թ.-ին դպրոցի տնօրինությունը ստանձնել է Դոնիկ Կարապետյանը:Նրա  հսկայական ջանքերի շնորհիվ 1972-1973 ուստարում աշակերտների ցնծությամբ ոտք դրեցին այժմ գործող միջնակարգ դպրոցի շեմին: Կարճ ժամանակամիջոցում դպրոցը ճանաչում գտավ տարածաշրջանում, դասվեց լավագույն դպրոցների շարքում: Դոնիկ Կարապետյանից հետո դպրոցի տնօրինությունը ստանձնել են՝ Խաչիկ Մաթևոսյանը, Երվանդ  Հարությունյանը, Արտուշ Համբարձումյանը, Լարիսա, Ներսիսյանը, Մարինե Մովսիսյանը: Նրանց տնօրինության տարիներին դպրոցը աչքի է ընկել իր ուսումնադաստիարակչական բարձր գործունեությամբ:

Միջնակարգ դպրոցը իր գոյության ընթացքում տվել է շրջանավարտներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում բժիշկները, մանկավարժները, գիտության և մշակույթի ոլորտում աշխատողները:

Նորաբացի միջնակարգ դպրոցն ունի երեք մասնաշենք: 2008թ.-ին դպրոցը հիմնանորոգվել է:

Նորաբացի Միսակ Ապելյանի անվան միջնակարգ դպրոցը միշտ  ակտիվ մասնակցել  է տարբեր ուսումնական ծրագրերի: Դպրոցում առաջադիմությունը եղել է բարձր հիմքերի վրա:

Դպրոցն ունի լավ կահավորված համակարգչային  սենյակ և ժամանակակից ուսումնական և տեխնիկական միջոցներով լիարժեք կահավորված բնագիտության կաբինետ :

2008թ-ի հունվար ամսից դպրոցի գործող տնօրենն է` Մարինե  Նեգուսի Մովսիսյանը: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմա-աշխարհագրական ֆակուլտետը: Նորաբացի դպրոցում աշխատում է 1987թ.-ից որպես աշխարհագրության ուսուցչուհի: Նրա տնօրինության կարճ ժամանակահատվածում դպրոցում իրականացվեց հիմնանորոգման աշխատանքներ, և այժմ Նորաբացի դպրոցը կատարյալ վերանորոգված է:

Դպրոցում գործում են պարի խմբակը  և դպրոցական փողային նվագախումբը:

Նորաբացի Մ. Ապելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինությունը և մանկավարժական կոլեկտիվը իր առջև դրված գլխավոր հիմնախնդիրն է համարում  Հայաստանի Հանրապետության  համար հայրենասիրությամբ, ազգային մտածողությամբ և կայուն գիտելիքներով  ապահովված սերունդ դաստիարակելու խնդիրը: